Արշակ Տեր-Միքելյան
Արշակ Տեր-Միքելյանը ծնվել է 1864թ. փետրվարի 1-ին Շուշիում, քահանայի ընտանիքում: Հայրը՝ Տեր Մկրտիչ քահանա Միքելյանցը, իրենց գյուղի ծխատեր ուսյալ քահանան էր, իսկ մայրը մի պարզ, բայց ուսում առած կին էր, որից էլ մանուկ Արշակը ստանում է իր նախնական կրթությունը՝ սովորելով հայոց լեզու և գրաբար: Հենց նրանցից էլ ապագա աստվածաբանը ժառանգում է ուսման հանդեպ անհագ ծարավը, որը հագեցնելու համար իր համար լայն հնարավորություն կար Շուշիի քաղաքային ուսումնարանում, ուր ստանում է կանոնավոր կրթություն:
1881թ. փայլուն գնահատականներով ավարտում է դպրոցը և 1884թ. մորեղբոր՝ Ալեքսանդր Մելիք-Հայկազյանի խորհրդով և հովանավորությամբ գալիս է Ս. Էջմիածին և ընդունվում Գևորգյան ճեմարան: Այստեղ տեսնելով նրա լավ պատրաստվածությունը՝ թույլ են տալիս, որպեսզի ուսումը շարունակի անմիջապես դպրոցական բաժնի Զ լսարանից, որն ավարտելուց հետո ընդունվում է ճեմարանի մասնագիտական բաժնի Ա լսարան: Իր ուսումնառության չորս տարիների ընթացքում Արշակ Տեր-Միքելյանը գործուն մասնակցություն է ունենում ճեմարանի գրական և մշակութային տարբեր հավաքների:
1888թ. նա իր հինգ լսարանակիցների հետ «յոյժ գովելի վարուք կատարեալ զընթացս ուսման երից ամաց» ավարտում է ճեմարանը և ստանում ուրար, սակայն ի տարբերություն մյուս չորսի՝ նա չի դիմում Վեհափառ Հայրապետին՝ մտնելու միաբանության շարքերը թերևս այն պատճառով, որպեսզի ավելի ազատորեն շարունակի զբաղվել գիտական գործունեությամբ, կամ էլ իրեն դեռևս պատրաստ չի համարում քահանայական լուծը կրելու: Այնուամենայնիվ, նա իր ամբողջ կյանքում մնում է մեր եկեղեցու հավատարիմ զավակը և անընդհատ պրպտումներով և ֆիզիկական ու մտավոր ջանքերով շարունակում է գրել կարևոր աշխատություններ «Ինն երանությունները» և «Աստուածաբանական գիտություններ» հոդվածաշարերը, «Պսակի Ս. խորհուրդ» և «Հայաստանյայց Սուրբ եկեղեցին և յուր Սուրբ կարգը», «Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու քրիստոնեականը», «Ուսումն Սուրբ գրոց» և այլն:
1888թ. ընդունվում է Ենայի(Գերմանիա) համալսարան, որտեղ ստանում է փիլիսոփայական-աստվածաբանական բարձրագույն կրթություն: 1892թ. ավարտում է համալսարանը որպես դոկտորական թեզ «Հայաստանյայց եկեղեցին և բյուզանդական ժողովոց պարագայք» աշխատանքը և ստանում փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան:
Երկարատև տքնաջան աշխատանքները դեռևս Գերմանիայում ուսանելիս հյուծել էին նրա մարմինը, և արդեն հայրենիք վերադառնալուց հետո առողջությունը խաթարված էր. արդեն ավելի հաճախ էր գլուխ բարձրացնում թոքախտը: 1901թ. հունիսի 25-ին իր հարազատ Շուշիում Արշակ Տեր-Միքելյանը կնքում է իր մահկանացուն՝ հետագա սերունդներին թողնելով գրական մեծածավալ ժառանգություն:
Շրջանավարտներ

© Գէորգեան հոգեւոր ճեմարան
Մայր Աթոռ Սուրբ էջմիածին
Վաղարշապատ
ՀՀ
1101-ինդեքս
+374 10 517 180
© Gevorgian Theological Seminary.
Mother See of Holy Etchmiadzin
Vagharshapat
Republic of Armenia
1101
+374 10 517 180