Կոմիտաս վարդապետ
Կոմիտաս վարդապետը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Քյոթահիայում (այժմ՝ Կուտինա, Թուրքիա): Այս մեծանունը մեզ հայտնի է իբրև կոմպոզիտոր, երաժշտագետ, երգիչ և խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: 1881 թվականին Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վարդապետ Դերձակյանը բերում է Էջմիածին և ուսման տալիս Գևորգյան ճեմարանում, որտեղ իր գեղեցիկ ձայնի և երաժշտական ցայտուն ընդունակությունների շնորհիվ շուտով փոքրիկ Սողոմոնն արժանանում է հատուկ ուշադրության: Սահակ Ամատունու ղեկավարությամբ և՛ տեսական, և՛ գործնական առումներով հիմնովին ուսումնասիրում է եկեղեցական երաժշտությունը, հայկական նոտագրությունը և հեղինակավոր աղբյուրներից գրի առնում հնագույն հոգևոր եղանակներ: Միաժամանակ շրջելով քաղաքներով ու գյուղերով՝ հավաքում ու գրի է առնում ժողովրդական երգեր, կատարում ստեղծագործական փորձեր: 1893թ.-ին ավարտում է ճեմարանը և նշանակվում երաժշտության ուսուցիչ, իսկ Մայր տաճարում՝ խմբավար:
1894թ.-ին ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունը (ի պատիվ Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսի), իսկ հաջորդ տարի՝ ստանում վարդապետական աստիճան: Նույն տարվա աշնանը Թիֆլիսում ուսանում է Մակար Եկմալյանի մոտ, 1896-99թթ.-ին ուսումը շարունակում և ավարտում է Բեռլինում՝ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Արքունական համալսարանում:
Կոմիտասը Միջազգային երաժշտական ընկերության (ՄԵԸ) հիմնադիր անդամներից է: Նա բազում անգամներ հանդես է եկել իր զեկուցումներով և ներկայացրել հայ ժողովրդական երգերն ու դրանց սեփական մշակումները: Ճեմարանի քառաձայն երգչախմբի հետ համերգներ է տվել էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում, Բաքվում: 1940թ.-ինԿ. Պոլսում կազմել է 300 հոգուց բաղկացած «Գուսան» (1912թ-ից՝ «Հայ գուսան») բազմաձայն երգչախումբը: Բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում Կոմիտասի՝ արական երգչախմբի համար գրած վեհաշունչ «Պատարագը»: Իր բազմակողմանի գործունեության մեջ առավել կարևորը ստեղծագործությունն է և հավաքչական ու գիտական աշխատանքը, որոնք վկայում են գեղջկական կենցաղի գերազանց իմացության, ազգային ոգին ամբողջությամբ իր մեջ կրող, գեղագիտական բազմապիսի հնարանքների տիրապետող և գիտնականի վերլուծական միտք ունեցող վարդապետի մասին:
Կոմիտասի ստեղծագործությունն ու կոմպոզիտորական մեթոդը լայն հեռանկարներ են բացել ազգային երաժշտական արվեստի զարգացման համար՝ դնելով այն համաշխարհային երաժշտության հունի մեջ, ինչպես նաև մեծ ազդեցություն են ունեցել արևելյան այլ ժողովուրդների երաժշտության զարգացման գործում:
1915թ-ի ապրիլյան կոտորածները ծանր հարված հասցրին Կոմիտաս վարդապետին, խանգարվեց նրա մտավոր աշխատանքը, և արդյունքում ընդհատվեց մեծանուն վարդապետի բեղմնավոր գործունեությունը: Ննջել է 1935թ.-ի հոկտեմբերի 22-ին և թաղվել Երևանի՝ իր անունը կրող զբոսայգու պանթեոնում: Այսօր Կոմիտաս վարդապետի անունն են կրում նաև վերոնշյալ զբոսայգում գտնվող թանգարան-ինստիտուտը, Երևանի պետական կոնսերվատորիան, կամերային երաժշտական տունը, լարային քառյակ, պողոտա և այլն:
Շրջանավարտներ

© Գէորգեան հոգեւոր ճեմարան
Մայր Աթոռ Սուրբ էջմիածին
Վաղարշապատ
ՀՀ
1101-ինդեքս
+374 10 517 180
© Gevorgian Theological Seminary.
Mother See of Holy Etchmiadzin
Vagharshapat
Republic of Armenia
1101
+374 10 517 180