Վերատեսչություն

Տարիների ընթացքում Գևորգյան հոգևոր ճեմարանն ընդլայնվել է ոչ միայն սաների թվի ավելացմամբ, այլ նաև կից գործող այլ ուսումնական հաստատությունների հիմնադրմամբ:

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրագույն բոլոր կրթական հաստատությունները պատկանում են մեկ կառոյցի՝ Բարձրագույն հոգևոր կրթական հաստատությունների վերատեսչությանը: Ներկայիս վերատեսուչն է գերաշնորհ Տ. Գևորգ եպս. Սարոյանը:

Սույն կառույցի մեջ են մտնում Գևորգյան հոգևոր ճեմարանը՝ որպես մայր բուհ, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը, Քահանայից պատրաստության լսարանը, ինչպես նաև Հառիճի Թրբանճյան ընծայարանը՝ որպես բուհին կից դպրոց:

 

Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց

Սևանի թերակղզում հոգևոր կրթական հաստատություն ունենալը եղել է շատ ու շատ կաթողիկոսների երազանքը: Անգամ այսօրվա Վազգենյան դպրանոցի շենքի մի մասը Խրիմյան Հայրիկի օրոք 1897թ. բացված ճեմարանի մասն է, որը ճեմարանցիները կոչում են «Հին շենք»: Սակայն տեղի կենսական պայմանների անբարենպաստ լինելը, Սովետական միության հակաեկեղեցական քաղաքականությունը շատ շուտով ստիպեցին փակել ճեմարանը: Ճեմարանի հիմնումը չդադարեց մնալ հայրապետների երազանքը: Եվ վերջապես 1990թ. ներկայիս Հայրապետի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեսիլքով Ճեմարանը վերաբացվեց: Հայրապետն այն ժամանակ զբաղեցնում էր Արարատյան հայրապետական թեմի փոխառաջնորդի պաշտոնը: Սրբազան հայրը շտապեց իր տեսիլիքի մասին հայտնել Ժամանակի կաթողիկոսին՝ Վազգեն Վեհափառին, և ստանալ նրանից իր օրհնությունն ու հովանավորությունը՝ Սևանի թերակղզում ճեմարանը վերաբացելու համար: Հայրապետն ուրախությամբ ընդունեց այդ գաղափարը և ընդառաջ գնաց սրբազան հոր առաջարկին: Ճեմարանը վերաբացվեց 1990 թ.: Այն ժամանակ գործում էր միայն նախկին Հին շենք կոչված հատվածը, և կենսական պայմանները այդքան էլ շատ չէին տարբերվում Խրիմյան Հայրիկի ժամանակաշրջանի ճեմարանի պայմաններից: Սակայն Հայրապետը ճեմարանը սիրում էր իր երկրորդ տան պես և ամեն ջանք չէր խնայում այն շենացնելու, այնտեղ ամեն պայման ապահովելու համար: Եվ վերջապես երկարատև աշխատանքներից հետո 2000թ. Հին շենքին կից վերաբացվեց Վազգենյան հոգևոր դպրանոցի նոր վեհաշուք կառույցը, որն իր մեջ ներառում է և՛ կացարանային, և՛ ուսումնական մասնաշենքները:

Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց սաները ընդունվում են Գևորգյան հոգևոր ճեմարանում ընդունելության քննություններ հանձնելուց հետո: Այնտեղ կրթությունը չորսամյա է: Բակալավրի կրթությունն ավարտելուց հետո ճեմարանականներն իրենց մագիստրոսական կրթությունը ստանում են Գևորգյան հոգևոր ճեմարանում: Այժմ Սևանի Վազգենյան հոգևոր ճեմարանի տեսուչն է հոգեշնորհ Տ. Նշան վրդ. Հմայակյանը:

 

Քահանայից պատրաստման լսարան

Քահանայից պատրաստման լսարանը բացվել է դեռևս անցյալ տասնամյակում՝ Նորին Սրբության օրհնությամբ : Այս հաստատությունը նախատեսված է այն անհատների համար, ովքեր արդեն հատել են Գևորգյան հոգևոր ճեմարան ընդունվելու համար նախատեսված տարիքը՝ 21 տարեկանը, նախկինում արդեն ավարտել են որևէ բարձրագույն ուսումնական հաստատություն, սակայն ցանկություն ունեն սովորել ճեմարանում, ավարել և ծառայել Հայ առաքելական եկեղեցում՝ որպես հոգևոր սպասավորներ: Քահանայից պատրաստման լսարանում ուսումը երեք տարի է: Այժմ Քահանայից պատրաստման լսարանի տեսուչն է հոգեշնոր Տ. Ներսեհ վրդ. Խալաթյան:

 

Հառիճի Թրբանճյան ընծայարան

Հառիճի Թրբանճյան ընծայարանը Վեհափառ Հայրապետի` կրթական գործի զարգացմանը միտված գործունեության հերթական բյուրեղացումն է: Այս երիտասարդ ուսումնական հաստատությունն արդեն իսկ հասցրել է տալ իր օգտակար պտուղները: Հաստատությունն ավարտած սաները որոշակիորեն տարբերվում են իրենց կրթությամբ և հոգևոր կյանքի պատրաստվածությամբ ավագ դպրոցի այն սաներից, ովքեր ճեմարան են դիմում աշխարհիկ դպրոցներից:

Հառիճի Թրբանճյան ընծայարանում սովորում են ավագ դասարանների աշակերտներ: Նրանք իրենց կրթրության ավարտին ստանում են միջնակարգ կրթության որակավորում: Ընծայարանում կրթությունը գիշերօթիկ է:

Հառիճի ընծայարանի ներկայիս տեսուչն է հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբղ. Սաղաթելյանը: