Վեհափառը և Ճեմարանը
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը, շարունակելով Սուրբ Էջմիածնի Մաշտոցյան դպրոցի, հայոց երանելի հայրապետների և մեծ ուսուցչապետերի դպրոցաշեն ավանդները, մշտապես հավատարիմ է եղել բարձրակարգ կրթություն մատուցելու իր կոչմանը, հավատավոր, հայրենանվեր ու եկեղեցասեր, քաջամիտ ու կորովի հայ հոգևորականներ կրթելու իր առաքելությանը:
Ճեմարանական կրթության բարեփոխման և հաստատության գործունեության նորագույն ժամանակաշրջանը բնորոշող գործընթացների ծավալումը կապված է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետևողական և նպատակասլաց գործունեության հետ:
Հայոց Հայրապետը իր անդրանիկ կոնդակում հստակ ձևակերպել էր ճեմարանական կրթության բարեփոխմանը միտված ծրագրային հետևյալ հիմնադրույթը. «Հոգևոր կյանքի զորացման ճանապարհին առաջնահերթ կարևորում ենք հոգևորական նոր սերնդի դաստիարակությունը, որպեսզի օր առաջ կյանք մտնեն Ավետարանի ճշմարտության լույսով զինավառ, շնորհներով լի, մեզ գործակից նվիրյալ հոգևոր սպասավորներ` առաջնորդելու և համախմբելու մեր զավակներին Մայր Եկեղեցու, հայրենական ավանդների շուրջ: Հայրական մշտական հոգածության ներքո պիտի պահենք ուսումնակրթական գործընթացների կազմակերպումը»:
Անդրանիկ կոնդակի հրապարակումից ընդամենը 4 ամիս անց՝ 1999 թ. հունիսին Հայրապետի գլխավորությամբ ճեմարանական մասնագետների խումբը ձեռնամուխ եղավ հոգևոր-կրթական հաստատության բուհի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստության գործին:
Հայոց Հայրապետի կողմից առաջադրված հիմնախնդիրները ենթադրում էին Ճեմարանի շուրջ 130-ամյա հարուստ փորձի և ճեմարանական կրթության հիմնարար ավանդույթների պահպանմամբ արդի պահանջներին համապատասխան աստվածաբան-հոգևորական պատրաստելու գործընթացների իրականացում, ինչպես նաև ժամանակի հայրենական և արտասահմանյան բարձրագույն կրթության չափանիշներին համապատասխանող նորմատիվային նոր փաստաթղթերի կազմում, ներդրում և դրանց վերահսկողության գործընթացային մոտեցում:
Նախապատրաստվեց Ճեմարանը երկաստիճան կրթության անցնելու համար պահանջվող փաստաթղթերի փաթեթը: Ամբողջական տեսք ստացավ Ճեմարանի ծրագրային փաստաթուղթը` Կանոնադրությունը, որտեղ հստակ կերպով սահմանված էին ճեմարանական կրթության գործընթացային մոտեցման, ճեմարանի արդյունավետ կառավարման, կրթական գործընթացների պլանավորման ու վերահսկողության մեխանիզմները: Նախապատրաստվեցին նաև բարձրագույն կրթության պետական չափորոշիչներին լիովին համապատասխանող ենթականոնադրական նորմատիվ ակտեր (Կանոնակարգեր, Կարգեր), հիմնադրվեցին 4 ամբիոններ:
Նախապատրաստվեց նաև Ճեմարանի երկաստիճան կրթության ուսումնական նոր պլաններ, իսկ ծրագրային պահանջները լիովին համապատասխանեցվեցին և՛ Ճեմարանական ավանդական կրթության պահանջներին, և՛ ժամանակի բարձրագույն կրթության չափանիշներին: Մեկամյա փորձաշրջանից հետո ուսումնական նոր պլանները հաստատվեցին Վեհափառ Հայրապետի կողմից: Այդ ամենով Ճեմարանը սահուն կերպով անցում կատարեց բարձրագույն աստվածաբանական կրթության:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. հունիսի 13-ի № 833-Ա որոշումով Ճեմարանը պաշտոնապես համարվեց բարձրագույն ուսումնական հաստատություն` Աստվածաբանական համալսարան, ինչը հունիսի 22-ին վավերացվեց ՀՀ նախագահի կողմից:
Երբ ՀՀ կառավարության որոշմամբ Հանրապետության բուհական համակարգը ներառվեց Բոլոնյան գործընթացում, Ճեմարան-Աստվածաբանական համալսարանում ևս կարիք զգացվեց բուհական մասնագիտական կրթության նոր պահանջներին համապատասխան վերանայել և ճշգրտել բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը:
Ապա Ճեմարանի 4 ամբիոնների միավորմամբ վերակազմվեցին երկու` Աստվածաբանության (աստվածաշնչագիտություն, դավանաբանություն և գործնական աստվածաբանություն բաժանմունքներով), Պատմական աստվածաբանության և հումանիտար առարկաների (պատմական աստվածաբանություն, հումանիտար և պատմական առարկաների, ինչպես նաև` լեզվաբանասիրական բաժանմունքներով) ամբիոններ:
Ճեմարանի հայաստանյան և համաշխարհային ճանաչման ու հեղինակության բարձրացման համար կարևոր հանգրվան եղավ նաև հետբուհական կրթության ոլորտում արձանագրված վերջին ձեռքբերումը. 2016թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ ԿԳՆ նախարարի կողմից ԳՀՃ շնորհվեց «Ատվածաբանություն» մանսագիտությամբ ասպիրանտական կրթություն իրականացնելու արտոնագիր։