Ճեմարանի բուն առաքելությունը՝ հոգևորականներ պատրաստելը, պայմանավորում է նաև ճեմարանական կյանքի ողջ ընթացքը: Սաների համար սահմանված և ավանդական դարձած օրակարգը կոչված է ստեղծելու ուսման և հոգևորականի նկարագրի կերտման համար անհրաժեշտ պայմանները, որոնց մեջ պետք է դաստիարակվի, հասունանա ապագա եկեղեցականը:

Ճեմարանականներն իրենց օրն սկսում են վաղ առավոտյան թեթև մարզանքով՝ նախավարժանքով, որի նպատակն է գիտելիքներից և հոգևոր փորձառությունից բացի հոգ տանելու նաև սաների ֆիզիկական առողջությանը: Դրան հաջորդում է առավոտյան ժամերգությունը, այնուհետև՝ նախաճաշ: Օրվա ամենից հարմար ժամերին ավանդվում են դասերը, որոնց սկիզբն ազդարարում է ընդհանրական աղոթքը: Դասերին հաջորդում է ճաշը: Ցերեկվա ժամերը նախատեսված են սաների հանգստի համար, թեև այս ժամերին են գործում նաև Ճեմարանի երգչախումբը, զանազան խմբակները, կազմակերպվում են առօրյան հարստացնող դասախոսություններ և հանդիպումներ: Այնուհետև ճեմարանականներն իրենց քայլերն ուղղում են դեպի եկեղեցի՝ մասնակցելու երեկոյան ժամերգությանը:

Երեկոյան ժամերը տրված են սաների ինքնուրույն սերտողություններին, որոնք կարճ ժամանակով ընդհատվում է ընթրիքով: Այս ծանրաբեռնված, հագեցած օրն ավարտվում է տեսչության հետ երեկոյան միասնական աղոթքով, որի ժամանակ ճեմարանականներն անդրադառնում են անցած օրվա խնդիրներին ու ձեռքբերումներին: Դրանից հետո սաները դարձյալ հնարավորություն ունեն հանգստանալու, և պատրաստվում են քնելու:

Բնականաբար, սա սովորական օրակարգ է, որը միայն մակերեսային պատկերացում է ձևավորում Ճեմարանի ներքին կյանքի մասին. առաջին հայացքից այն կարող է շատ ձանձրալի թվալ, սակայն այն իրապես գնահատելու և արժևորելու համար անհրաժեշտ է ներսից դիտել և հաղորդակից լինել ճեմարանական կյանքին, որն ունի մի շատ կարևոր գիծ. այդ գիծը միասնականության գիտակցությունն է և աղոթական ոգին, որը ճեմարանականների բոլոր ձեռնարկների և պարտականությունների առանցքն է: Իհարկե, դրանց հիմքը քրիստոնեական ճշմարիտ սերն է, որը տարբեր մարզերից և ընտանիքներից եկած սաներին ու տեսչության անդամներին միավորում է մի ընտանիքի մեջ: Իսկապես, Ճեմարանը դառնում է բոլոր սաների տունը, որը մայրական հոգատարությամբ և սիրով կրթում ու սնում է քրիստոնեական մեծ ընտանիքի՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Եկեղեցու ապագա նվիրյալ սպասավորներին:

 

Գևորգյան հոգևոր ճեմարանն այն հաստատությունն է, որն իր գործունեության հիմքում ունի հոգևոր և աշխարհիկ կանոնադրություն (ուսում և կարգապահություն, արդարություն և ավանդույթ): Այս երկակի կանոնադրությունը, լրացնելով մեկը մյուսին, ճեմարանի ներքին և արտաքին կյանքը դարձնում է շատ ավելի իմաստալից և բովանդակալի: Դրանց շաղախման արդյունքում պատրաստվում են հավասարակշռված հոգևոր անձեր՝ Տիրոջ անդաստանում ծառայություն մատուցելու համար:

Լավագույն օրինակը սեփական անձով և գործով ժողովրդին առաջնորդելն է, ուստի ճեմարանում նախ հմտանում են կարգապահության մեջ ու նոր միայն կոչվում հոգևոր ծառայության, և իբրև արժեքների կրող՝ եկեղեցու հավատացյալին սովորեցնում ապրել Տիրոջ կողմից տրված պատգամներով:

Միասնական կյանքը զարգացնում է ճեմարանցիներին հետագա համայնքային կյանքի մեջ հովվական ճիշտ և օգտակար գործունեությունը:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180