Պատմություն և առաքելություն

Հայոց Եկեղեցու հոգեւոր սպասաւոր լինել նշանակում է՝ հանուն Քրիստոսի կենարար խոսքի տարածման և հայ  ազգի հոգևոր-բարոյական զարթոնքի ներդնել ողջ ներուժդ:

Այսպիսի ծառայությունը նվիրում է պահանջում, և այն անձը, ով պատրաստվում է դառնալ ազգի նվիրյալ, պետք է գիտակցի, որ դրա համար անհրաժեշտ է հոգևոր, մասնագիտական բարձր կրթություն և գաղափարական դաստիարակություն: Շուրջ մեկուկես դար առաջ այս առաքելության իրականացման տեսիլքով Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը 1874թ. հիմնադրեց Գևորգյան հոգևոր ճեմարանը, որը Հայաստանի մինչև այժմ գործող ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունն է և միակ աստվածաբանական համալսարանը:

Որպես ժամանակի միակ բարձրագույն ուսումնական հաստատություն՝ այն նշանակալի տեղ է զբաղեցրել Հայ Առաքելական եկեղեցու և, առավելապես, հայկական մշակութային, գիտական, մինչև անգամ քաղաքական պատմության մեջ: Թեև Ճեմարանի հիմնադրման հարցը վաղուց էր հասունացել, այնուամենայնիվ այդ կարևոր գործն իրականություն դարձավ միայն դարավերջին:

1874թ.-ի սեպտեմբերի 28-ին՝ սուրբ Գևորգ Զորավարի տոնին, տեղի ունեցավ Ճեմարանի բացման հանդիսավոր արարողությունը, և հենց սուրբ Գևորգի անունով էլ այն անվանվեց «Ժառանգավորաց հոգևոր ճեմարան Սուրբ Գևորգյան»: 

1875 թ. հունիսի 10-ի կոնդակով Վեհափառ Հայրապետը ճեմարանի առաջին տեսուչ է նշանակում հռչակավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայր, նշանավոր հայագետ Գաբրիել եպիսկոպոս Այվազովսկուն (1875-1878), սակայն մինչ նա Էջմիածին կժամաներ, տեսչի  ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում Սուքիաս վարդապետ Պարզյանը:

Այստեղ են դասավանդել ժամանակի լավագույն մանկավարժներն ու մասնագետները, ինչպես օրինակ՝ Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանը, Լեոն, Ստեփան Լիսիցյանը, Քրիստափոր Կարա-Մուրզան, Հովհաննես Հովհաննիսյանը, Հակոբ Մանանդյանը, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը, Կարապետ ծ. վարդապետ Տեր-Մկրտչյանը, Գարեգին եպս. Հովսեփյանը, Երվանդ Տեր-Մինասյանը և այլք: Նշանավոր ճեմարանականներից շատերի անուններն այսօր ասոցացվում են հայության հետ՝ հաճախ դառնալով խորհրդանիշներ, ինչպես օրինակ՝ Կոմիտաս Վարդապետը, Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Նիկողայոս Ադոնցը, Ակսել Բակունցը և շատ ուրիշներ:

19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազգային, եկեղեցական, մշակութային կյանքն անհնար է պատկերացնել առանց Գևորգյան հոգևոր ճեմարանի գործունեության: Երևանի մայր բուհի, ինչպես նաև Երևանի՝ Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի հիմնադիրների մեծ մասը եղել են հենց այս ճեմարանի շրջանավարտները: Խորհրդային իշխանության ճնշումների ներքո շուրջ երեսուն տարի փակված ճեմարանը 1945թ. նորից բացեց իր դռները Մայր Աթոռ եկած երիտասարդ ճեմարանականների առաջ հայության հոգևոր կյանքին Հոգևոր վերազարթոնք տալու տեսլիքով:

Հոգևոր սպասավոր լինել նշանակում է հանուն հայ ազգի և հայոց եկեղեցու ներդնել ողջ ներուժդ: Այսպիսի ծառայությունը նվիրում է պահանջում, և այն սանը, ով այս գիտակցումով է ճեմարան գալիս, պատրաստվում է դառնալ ազգի նվիրյալ, որի համար անհրաժեշտ է հոգևոր, մասնագիտական բարձր կրթություն, ինչպես նաև գաղափարական դաստիարակություն:  Այս ուղին բռնած սաներին ճեմարանական կյանքն ու ուսումը լավագույն հնարավորությունն են ընձեռում իմաստավորված և ազգօգուտ կյանքով ապրելու:

Թեև բոլորիս համար էլ պարզ է, որ Գևորգյան ճեմարանի գլխավոր նպատակը հոգևոր սպասավորների պատրաստումն է, սակայն հոգևոր այս կրթօջախը երբեք սոսկ կրոնական ուսումնական հաստատություն չի եղել: Ճեմարանական կրթության սկզբունքներից մեկը ազատ ընտրության հնարավորությունն է. այն ուսանողները, ովքեր չեն ցանկանում շարունակել իրենց կյանքը որպես հոգևոր սպասավորներ, ճեմարանն ավարտելուց հետո զորակոչվում են բանակ, և հետագայում կարող են ուսումը շարունակել հայագիտության, պատմաբանության, բանասիրության, արվեստի, աստվածաբանության և այլ ոլորտներում՝ այդ ասպարեզներում իրականացնելով ճեմարանականին հարիր նվիրյալ ծառայություն:

Այսօր Ճեմարանի պաշտոոնական անվանումն է «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան»։

Գևորգյան հոգևոր ճեմարանի շրջանավարտներից է նաև ներկայիս Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ում ջանքերի և հայրական խնամքի շնորհիվ ճեմարանական կրթության մակարդակն այնքան բարձրացվեց, որ 2002թ. Հայաստանի կառավարության որոշմամբ Գևորգյան հոգևոր ճեմարանը ճանաչվեց որպես բարձրագույն ուսումնական հաստատություն, իսկ 2005 թ. ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը՝ նկատի առնելով ուսումնական ծրագրերի հարստացումն ու թարմացումը, ճեմարանին տվեց  բարձրագույն ուսումնական հաստատության արտոնագիր: Հաջորդ տարի՝ 2006թ.-ին, ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը Գևորգյան հոգևոր Ճեմարանին շնորհեց բակալավրիատի, իսկ 2007թ.-ին՝ մագիստրատուրայի պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կրթություն իրականացնելու հավատարմագրեր: Այնպես որ՝ այսօր Գևորգյան հոգևոր ճեմարանը հանդիսանում է ՀՀ միակ աստվածաբանական համալսարանը:

Գևորգյան հոգևոր ճեմարանին առընթեր գործում են Սևանի Վազգենյան դպրանոցը և քահանայից պատրաստման լսարանը (այլ բուհերի շրջանավարտների համար):

Գևորգյան հոգևոր ճեմարանում կրթությունն անվճար է և գիշերօթիկ: Ուսանելու տարիներին սաներն ապրում են Մայր Աթոռի տարածքում իրենց համար նախատեսված կացարանում, մասնակից դառնում հոգևոր կյանքին և ապահովվում են սննդով, բժշկական օգնությամբ, համազգեստով, գրենական պիտույքներով, հիգիենայի և այլ անհրաժեշտ պարագաներով:

Ուսման տևողությունը 6 տարի է (4-ը բակալավրիատ, 2-ը մագիստրատուրա): Այստեղ են դասավանդում ՀՀ լավագույն մասնագետները: Բարձր մակարդակով կրթություն ապահովելու համար մասնագետներ են հրավիրվում նաև արտասահմանից:

Մշակված նոր ծրագրերն ու փոփոխված կանոնադրությունը այսօր հնարավորություն են տալիս աշխարհի տարբեր երկրներից ժամանած ուսանողներին աստվածաբանական և հայագիտական կրթություն ստանալու Գևորգյան հոգևոր ճեմարանում: Օտարախոս ուսանողների համար ստեղծվում են հատուկ պայմաներ: Հիշյալ բարեփոխումների շնորհիվ սաները հնարավորություն ունեն ուսումը շարունակել նաև արտասահմանյան հեղինակավոր բուհերում` շարունակելով դեռևս 20-րդ դարասկզբին դրված ավանդույթը: Առաջադեմ ուսանողներն Ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ ուղարկվում են մասնագիտական առավել խորը կրթություն ստանալու աշխարհի լավագույն համալսարաններում:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 321

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 321