Քրիստոնեության սկզբնավորումից ի վեր ծիսական կյանքը եղել է Աստծո հետ ամենասերտ հաղորդակցության և կապի վստահելի միջոցը: Ըստ էության` բոլոր դարերում քրիստոնյաների միության առանցքը միշտ եղել է ծիսական կյանքը: Այսօր էլ` Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների առօրյան շաղախված է աղոթական կյանքով և ծիսական աստվածպաշտությամբ: Ճեմարանականն իր օրն սկսում և ավարտում է միաբերան հնչած աղոթքներով ու հոգևոր երգերով: Ունենալով բավական հագեցած և խիտ օրակարգ այդուհանդերձ, ճեմարանականները ամեն օր մասնակցում են առավոտյան և երեկոյան ժամերգություններին, որոնք կատարվում են Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում: Նորաշեն այս եկեղեցին ամեն օր լցվում և նորոգվում է հոգևոր սպասավորության մեջ իրենց առաջին քայլերն անող ճեմարանականների աղոթքներով:
Միաբերան հնչած աղոթքներն են, որ կերտում են ապագա հոգևորականի ներաշխարհը, ձևավորում մեկ գործի լծված լինելու ոգին և տալիս հոգևոր այնպիսի ուղղորդում, որը հոգու ամենախոր շերտերից մղում է յուրաքանչյուր ճեմարանականի գիտակցելու իր կոչումի վեհությունը: Ճեմարան մուտք գործելու առաջին իսկ օրվանից ճեմարանականն զգում է, որ իր ուսերի վրա պիտի առնի իր սիրելի ու հարազատ ազգի հոգևոր լուսավորության, խիստ պարտավորեցնող, բայց և անչափ քաղցր լուծը:
Անշուշտ, ճեմարանականների աղոթական կյանքը չի սահմանափակվում միայն ժամերգություններով: Օրվա ընթացքում նրանք ունենում են ինչպես առանձնական, այնպես էլ ընդհանրական աղոթքի պահեր: Ճեմարանականի համար հատկապես առանձնահատուկ է կիրակի օրը: Ամեն կիրակի ճեմարանականները մասնակցում են Սուրբ և Անմահ Պատարագի, հաղորդվում մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սուրբ և կենդանարար Մարմնին ու Արյանը: Նրանցից ոմանք տարվա ընթացքում նշանակվում են տարբեր եկեղեցիներ և Պատարագներին մասնակցում են հենց այդ եկեղեցիներում: Որպես դպիրներ և սարկավագներ իրենց օգտակար ծառայությունը բերելով հայրենիքի տարբեր եկեղեցիներում՝ հմտանում են ծիսական գործնական գիտելիքների մեջ, ինչպես նաև ձեռք բերում համայնքային կյանքում հովվական ծառայության մեծ փորձառություն: Նշանակումներ լինում են նաև ամառային արձակուրդների ընթացքում: Ճեմարանականներից շատերն իրենց ամառային արձակուրդների ընթացքում հոգևոր սպասավորության են անցնում Հայաստանի և սփյուռքի տարբեր թեմերում: Այս ամենը նպաստում է, որ ապագա հոգևորականն իր ուսումնառության առաջին իսկ օրերից լինի իրեն հանձնվելիք հոտի ծոցում, առնչվի նրա առօրյա խնդիրներին ու հուզող հարցերին և ավելի ջանասիրությամբ լծվի իր ծառայությանը, այն վստահ համոզումով, որ ոչ շատ հեռու ապագայում ինքն անձամբ պիտի հոգա այդ բոլոր խնդիրները:
© Գէորգեան հոգեւոր ճեմարան
Մայր Աթոռ Սուրբ էջմիածին
Վաղարշապատ
ՀՀ
1101-ինդեքս
+374 10 517 321
© Gevorgian Theological Seminary.
Mother See of Holy Etchmiadzin
Vagharshapat
Republic of Armenia
1101
+374 10 517 321