Մայր Աթոռի միաբանություն
Մայր Աթոռի միաբանությունը համարվում է հայ եկեղեցու կենարար ուժը, հոգևոր սնունդ մատուցող կենտրոնը: Պատմության մեջ դարեր շարունակ Մայր Աթոռի դերը միանշանակ եղել է բարձր, թեև դրա իշխող միաբանությունը անընդհատ տեղափոխվել է տեղից տեղ՝ կապված քաղաքական, տնտեսական պատճառների հետ: Հատկապես Մայր Աթոռի միաբանության դերը սկսել է նշանավորվել Կիլիկիայի թագավորության անկումից հետո, երբ Աթոռը Սսից տեղափոխվում է Էջմիածին: Էջմիածինը դառնում է հայրապետական նստավայր, որի շուրջ էլ համախմբվում է միաբանությունը:
Այսօր Մայր Աթոռի միաբանությունը Ամենայն Հայոց Հայրապետի ջանքերի շնորհիվ դարձել է մի հզոր կառույց: Միաբանությունը իր մեջ ներառում է տարբեր կառույցներ, որոնք բոլորն էլ նպատակաուղղված են եկեղեցու շենացման գործին: Միաբանության տարածքում գործում են երեք եկեղեցիներ՝ Մայր Տաճարը, Սբ. Վարդանը և Սբ. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանը և Գևորգյան հոգևոր ճեմարանին կից Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին:
Միաբանությունը հարուստ է նաև հոգևոր-կրթական հաստատություններով: Այստեղ են գտնվում Գևորգյան հոգևոր ճեմարանը, Գարեգին Առաջին նորակառույց կրթահամալիրը, Քրիստոնեական դաստիարակչական կենտրոնը, ինչպես նաև շինարարության ընթացքի մեջ է գտնվում Էդուարդո Էռնեկյանի հանրակրթական դպրոցը:
Միաբանությունը ակտիվորեն իրականցնում է հասարակական և սոցիալական մի շարք ծրագրեր, ինչպիսիք են՝ հայորդաց տների կազմակերպում, համալսարան, բանակի, հիվանդանոցների, որբանոցների, ծերանոցների, բարեգործական ճաշարանների, բանտերի հոգևոր հովվություն և այլն:
Բացի այս ծրագրերից՝ Մայր աթոռի միաբանությունը ունի նաև իր հեռուստաալիքը՝ Շողակաթը, որի միջոցով կազմակերպում է Տիրոջ կենարար խոսքի և Մայր Աթոռի առաքելության քարոզությունը հեռուստադիտողին: Միաբանությունը հրատարակում է նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի հովանու ներքո գործող «Էջմիածին» ամսագիրը, ինչպես նաև զբաղվում է այլ գրքերի ստեղծմամբ, թարգմանությամբ և հրատարակչությամբ:
© Գէորգեան հոգեւոր ճեմարան
Մայր Աթոռ Սուրբ էջմիածին
Վաղարշապատ
ՀՀ
1101-ինդեքս
+374 10 517 180
© Gevorgian Theological Seminary.
Mother See of Holy Etchmiadzin
Vagharshapat
Republic of Armenia
1101
+374 10 517 180