Ճեմարանի խմբակները

Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչությունը մեծ ուշադրություն է դարձնում ուսանողների գեղագիտական դաստիարակությանը և փորձում ստեղծել հնարավոր բոլոր պայմանները ուսանողների մեջ բարձր ճաշակ ձևավորելու համար:

Ճեմարանի տեսչության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են շնորհալի ուսանողները: Նրանց ունեցած շնորհները զարգացնելու նպատակով Ճեմարանում գործում են տարբեր խմբակներ և երգչախմբեր.

Ասմունքի և բեմական խոսքի խմբակներ: Դասախոսները ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը և Նելլի Խերանյանն են, ովքեր  ուսուցանում են ոչ միայն բեմական խոսք, այլև ուսումնական նյութի հիման վրա կազմակերպում և բեմադրում են փոքրիկ ներկայացումներ:

Երաժշտական գործիքների խմբակ: Կատարինե Հովսեփյանի օգնությամբ երաժշտական զանազան ստեղծագործությունների միջոցով ուսանողները հաղորդակից են դառնում կատարողական արվեստին և հնարավորություն ստանում հմտանալու դրա մեջ:

Նկարչական խմբակ: Մեր իսկ ճեմարանի շրջանավարտ Դավիթ սարկավագ Սարիբեկյանի առաջնորդությամբ, ով իր հետճեմարանական բարձր կրթությունը ստացել է Իտալիայում, նկարչական ձիրք ունեցող ուսանողները հնարավորին չափով մասնագիտանում են նկարչական արվեստի մեջ՝ ծանոթանալով նաև նկարչական արվեստի պատմությանը, նշանավոր անձանց թողած համաշխարհային ժառանգությանը:

Ժեստերի լեզվի խմբակ: Դասախօս՝ Զուբեյդա Մելիքյան: Ժեստերի լեզվին տիրապետելը ուսանողներին հնարավորություն է տալիս հաղորդակից դառնալ այս աշխարհից տարբեր մի աշխարհի՝ խուլերի աշխարհին: Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում չափազանց քիչ հոգևորականներ են տիրապետում այս լեզվին, ինչի արդյունքում լսողական խանգարումներ ունեցող անձինք գրեթե կտրված են եկեղեցուց: Խմբակի գոյությունը ոչ հեռավոր ապագայում այս խնդրին լուծման ուղղված մի քայլ է:

Երգչախմբեր: Ճեմարանում գործում է երկու երգչախումբ. Մեծ երգչախմբի ղեկավարն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը, իսկ փոքր երգչախմբինը՝ Արթուր սարկավագ Վարդանյանը: Երգացանկերում ընդգրկված են ինչպես հայ հոգևոր և աշխարհիկ, այնպես էլ  արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

 

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180