Դերենիկ Դեմիրճյան

Հայ գրող, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանը (իսկական ազգանունը՝ Դեմիրճօղլյան) ծնվել է 1877թ.-ի փետրվարի 18-ին Ախալքալաք քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում։ Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս. Տեր-Մելիքսեդեկյանին: 1892թ.-ին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Դեմիրճյանի գրական հայացքների ձևավորման գործում բարերար ազդեցություն է ունեցել ճեմարանի ուսուցիչ, բանաստեղծ Հ. Հովհաննիսյանը։ 1898թ.-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա աշխատել Արդահանում։ 1900թ.-ին հաստատվել է Թիֆլիսում, մասնակցել Հ. Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծված «Վերնատուն» գրական ընկերության աշխատանքներին։

Երաժշտություն ուսումնասիրելու նպատակով 1903թ.-ին մեկնել է Մոսկվա։ 1905-1910 թթ.-ին սովորել և ավարտել է Ժնևի համալսարանի մանկավարժական ֆակուլտետը, վերադարձել Թիֆլիս և զբաղվել ուսուցչությամբ։ 1925թ.-ին տեղափոխվել է Երևան, եղել գիտության և արվեստի ինստիտուտի արվեստի բաժնի գիտքարտուղարը։
Գրական ասպարեզ է իջել իբրև բանաստեղծ։ 1893թ.-ին «Տարազ»-ում լույս է տեսել Դեմիրճյանի անդրանիկ «Ապագան» բանաստեղծությունը։ Այնուհետև աշխատակցել է «Տարազ», «Մուրճ», «Նոր հոսանք» պարբերականներին։ Առաջին գրքույկը՝ «Բանաստեղծություններ» խորագրով, հրատարակվել է 1899թ.-ին, երկրորդը՝ 1913թ.-ին։
Վաղ շրջանի ստեղծագործություններին բնորոշ են հուսահատության, վշտի, միայնության տրամադրություններ։ Հասարակության հոգսերով ապրող գրողը ձգտում էր հասկանալ կյանքում տիրող անարդարությունների պատճառը, սակայն բանաստեղծությունների սիմվոլիստական պատկերների մեջ այդ ձգտումը դառնում էր անորոշ ու վերացական։ Խորհրդածելով բնության ու մարդկային կյանքի մասին («Կյանքի տեսիլ» պոեմ, 1913թ.)՝ Դեմիրճյանն ընդգծել է կյանքի անիմաստ լինելը։ Սա երիտասարդ բանաստեղծի որոնումների շրջանն էր:
Դեմիրճյանի հոգևոր վերածնունդը տեղի ունեցավ 1905–1907թթ. հեղափոխության ազդեցությամբ։ Ազատության համար զանգվածային պայքարը բանաստեղծին մղեց ժողովրդի հետ հոգևոր մերձեցման։ Այս շրջադարձի արտահայտությունն է «Լենկթեմուր» հայրենասիրական պոեմը, որտեղ Դեմիրճյանը դրվատել է ժողովրդի ուժը, երգել նրա անմահությունը։ Մարդկային մեծ սիրով ու լավատեսությամբ է տոգորված «Գարուն» (1920թ.) ժողովածուն, որն ամփոփում է 1902-1919-ին գրած քառյակները։
Մինչև 1919թ. ստեղծագործել է գրական բոլոր ժանրերով, այնուհետև հիմնականում անցել արձակին ու դրամատուրգիային։ Դարասկզբին գրած պատմվածքներում դրսևորել է հումանիստական սկզբունքներ («Սեփականություն», «Տերտերը», «Ավելորդը», «Ստամոքս»)։ «Վասակ» (1912թ.) և «Հովնան Մեծատուն» (1919թ.) դրամաներում դատապարտում է անձնական կյանքն ու եսասիրական շահերը համազգային շահերից գերադասողներին, որոնք հասնում են բարոյական կործանման։
Բեղմնավոր է եղել Դեմիրճյանի գրիչը նաև դրամատուրգիայի բնագավառում։ 1923թ.-ին գրել է «Քաջ Նազար» կատակերգությունը։ Նոր սկզբունքով մշակելով ժողովրդական հեքիաթը՝ Դեմիրճյանն ընդգծել է նրա քաղաքական բովանդակությունը։ «Քաջ Նազար»-ը հայ դրամատուրգիայի մնայուն գործերից է։ Գրողի ստեղծագործության աչքի ընկնող նմուշներից են նաև «Ֆոսֆորային շող» (1932թ.), «Նապոլեոն Կորկոտյան» (1934թ.), «Կապուտան» (1938թ.) պոեմները և «Երկիր Հայրենի» (1939) պատմահերոսական դրաման։
Դեմիրճյանի ստեղծագործության գլուխգործոցը Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրված «Վարդանանք» պատմավեպն է։ Հայրենական պատերազմի ավարտից հետո մարդկանց ստեղծագործ աշխատանքին են նվիրված «Հանուն կյանքի» (1949թ.), «Հուշ-աղբյուր» (1950թ.) և այլ պատմվածքներ։ Հայրենի հողի վրա սեփական տուն ունենալու պանդուխտ հայ մարդու երազանքն է արտահայտված «Տուն» (1949թ.) պատմվածքում։ Կյանքի վերջին տարիներին Դեմիրճյանը գրել է «Մեսրոպ Մաշտոց» վեպը, որն անավարտ է մնացել։
Դեմիրճյանը մանուկների համար գրել է «Պույպույ մուկիկը», «Արջուկ-լրջուկ», «Ծտապար» և այլ ստեղծագործություններ։ Թարգմանել է Նիկոլայ Գոգոլի «Մեռած հոգիներ»-ի առաջին հատորը։ Գրել է գրականագիտական, լեզվաբանական, պատմագիտական, արվեստաբանական հոդվածներ։ Դեմիրճյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։
Նա մահացել է 1956թ.-ի դեկտեմբերի 6-ին Երևանում:
Նրա անունով կոչվել  են  փողոցներ և դպրոցներ Երևանում, ՀՀ այլ քաղաքներում և Ախալքալաքում: Երևանում գործում է նրա տուն-թանգարանը: 1980 թ-ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Դեմիրճյանի անվան ամենամյա գրական մրցանակ:

Շրջանավարտներ

Կոմիտաս վարդապետ

Կոմիտաս վարդապետը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869թ. –ի սեպտեմբերի 26-ին Քյոթահիայում (այժմ՝ Կուտինա, Թուրքիա): Այս մեծանունը մեզ հայտնի է իբրև կոմպոզիտոր, երաժշտագետ, երգիչ և խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր:

Լեռ Կամսար

Լեռ Կամսարը (Արամ Թովմասի Թովմաղյան, Տեր-Թովմաղյան) Ծնվել է 1888 թվականի հոկտեմբերի 24-ին, Արևմտյան Հայաստանի Վանքաղաքում, հոգևորականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Ամերիկյան վարժարանում։

Լևոն Շանթ

Լևոն Շանթը (իսկական ազգանունը՝ Նահաշպետյան, ապա հոր՝ Սեղբոսի անունով՝ Սեղբոսյան) ծնվել է 1869թ. ապրիլի 6-ին: Վաղ տարիքում զրկվել է ծնողներից:

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Մանկությունն անցել է Արագածի հայացքի տակ՝ Ախուրյանի ափին՝ Ղազարապատ գյուղում, ուր հայրն ուներ փոքրիկ ջրաղաց՝ շրջապատված ուռիների ու բարդիների գողտրիկ պուրակով:

Երվանդ Տեր-Մինասյան

Ծնվել է 1879 թ․նոյեմբերի 19-ին Արթիկի շրջանի Հառիճ գյուղում՝ Տեր Գալուստ քահանայի ընտանիքում։ Գերազանցությամբ ավարտելով տեղի ծխական դպրոցը՝ Երվանդ Տեր-Մինասյանը, թերևս հոր դրդմամբ, ընդունվում է ժամանակի հայ իրականության ամենահայտնի կրթօջախ՝ Գևորգյան հորգևոր ճեմարան։

Արշակ Տեր-Միքելյան

Արշակ Տեր-Միքելյանը ծնվել է 1864թ. փետրվարի 1-ին Շուշիում, քահանայի ընտանիքում: Հայրը՝ Տեր Մկրտիչ քահանա Միքելյանցը իրենց գյուղի ծխատեր ուսյալ քահանան էր, իսկ մայրը մի պարզ, բայց ուսում առած կին էր, որից էլ մանուկ Արշակը ստանում է իր նախնական կրթությունը՝ սովորելով հայոց լեզու և գրաբար:

Դերենիկ Դեմիրճյան

Հայ գրող, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանը (իսկական ազգանունը՝ Դեմիրճօղլյան) ծնվել է 1877թ.-ի փետրվարի 18-ին Ախալքալաք քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում։ Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս. Տեր-Մելիքսեդեկյանին:

Կարապետ Տեր-Մկրտչյան

Ծնվել է 1866թ․մարտի 17-ին Գողթն գավառի Ցղնա գյուղում՝ առևտրական Մարտիրոսի ընտանիքում։ Ավարտելով տեղի ծխական և գավառական դպրոցները՝ 1880 թվին քեռու՝ Հովնան ավագ քահանա Ատովմյանի միջնորդությամբ, ընդունվում է Գևորգյան հոգևոր ճեմարան։ Ճեմարանը Կարապետ Տեր-Մկրտչյանը ավարտում է գերազանցությամբ՝ 1888 թվին։

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180