Հովհան Օձնեցի կաթողիկոսի 1300-ամյակին նվիրված գիտաժողովն ամփոփեց իր աշխատանքները: Գիտությունների ակադեմիայից և տարբեր բուհերից եկած բանախոսները անդրադարձան Հովհան Օձնեցու քաղաքական, մշակութային, հոգևոր գործունեությանն ու մեծ ժառանգությանը: Հիրավի, անգնահատելի է մեծանուն կաթողիկոսի ներդրումը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցվո կյանքում: Սուրբ հայրապետի աննկուն կամքի, մեծ եռանդի և քրիստոսանվեր գործունեության արդյունքում է Հայ Եկեղեցին յոթերորդ դարում ստանում իր ուրույն և ազգային դիմագիծը: Բանախոսները ըստ արժանավույն խոսեցին սբ. Հովհան Օձնեցու կյանքի, ժառանգության, ժողովրդի մեջ նրա անձի շուրջ ձևավորված ավանդությունների և առհասարակ Հովհան Օձնեցի ֆենոմենի մասին: Բանախոսությամբ ներկայացան նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի ավագ լսարանի սաներ Կարո ուրկ. Ղարիբյանը (մագիստրատուրայի Ա լսարան) և Հովհաննես սրկ. Բալայանը (մագիստրատուրայի Բ լսարան):
Գիտաժողովը զուգահեռաբար անցկացվում էր ԳՀՃ Կոմիտասյան սրահում և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի կոնֆերանս սրահում:
Գիտաժողովի փակման խոսքում ԳՀՃ տեսուչ Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց գիտաժողովի մասնակիցներին, կազմակերպիչներին, ճեմարանի ավագ լսարանի սաներին՝ իրենց կատարած կամավորական աշխատանքների համար:
Գիտաժողովն աղոթքով եզրափակեց «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տ. Արարատ քհն. Պողոսյանը:

© Գէորգեան հոգեւոր ճեմարան

Մայր Աթոռ Սուրբ էջմիածին

Վաղարշապատ

ՀՀ

1101-ինդեքս

+374 10 517 180

© Gevorgian Theological Seminary.

Mother See of Holy Etchmiadzin

Vagharshapat

Republic of Armenia

1101

+374 10 517 180